ՀՕԲԿ-ը հրապարակում է պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարությունը

image

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ «Էլարդ» կազմակերպության զեկույցի հրապարակումից հետո, Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) թողարկել է իր ռազմավարության ուղեցույցը, որում ընդգծվում են Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության հիմնարար սկզբունքները և շեշտվում, որ երկրի բնական պաշարները պատկանում են հայ ժողովրդին:

ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության ուղեցույցը, որը հասանելի է ՀՕԲԿ կայքում, լայնորեն քննարկում է կառավարման, բնապահպանական, սոցիալական և առողջապահության կառավարման քաղաքականությունները, ինչպես նաև աշխատողների անվտանգության և հանքարդյունաբերության տնտեսական ազդեցությունների խնդիրները:

«Հանքարդյունաբերության մեր քաղաքականությունը լայն իմաստով կողմ է ուժեղ կառավարման և էթիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական բարօրության և տնտեսական աճին», - ասաց Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանը: 

«Դա մեզ ճանապարհ է հարթում՝ հասնելու մեր առաջնային նպատակին՝ հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների», - հավելեց նա: 

«Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրության մեջ կան անհամապատասխանություններ և բացթողումներ, և մենք մտադիր ենք աշխատել կառավարության և շահառուների հետ՝ Հայաստանում հանքարդյունաբերության շուրջ ծավալված ակտիվության այս շրջանում՝ նպաստելու հանքարդյունաբերության օրենսդրության ուժեղացմանը և հանքարդյունաբերության բարելավված գործունեությանը», - նշեց Մկրտիչեանը:

ՀՕԲԿ-ն իրականացրել է բազմամյա հետազոտական նախագիծ պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձի վերաբերյալ՝ հրապարակելով փաստաթղթեր Հայաստանի պոչամբարների և թափոնների կառավարման գործընթացների, ջրօգտագործման և որակի, հանքարդյունաբերության ոլորտի հարկաբյուջետային (ֆիսկալ) ռեժիմի, աշխատողների իրավունքների և անվտանգության, ինչպես նաև հանքարդյունաբերության սոցիալական ազդեցությունների և այլ հարցերի վերաբերյալ:

Վերջերս, ՀՕԲԿ-ն իրականացրել էր շահառուների խորհրդատվության համաժողովրդական գործընթաց՝ պարզելու քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրները և մտահոգությունները Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ: Հետազոտությունները և շահառուների խորհրդատվությունները նպաստել են ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության մշակմանը, որը հիմք կհանդիսանա օրենսդրական բարեփոխումների համար:

______________________________________________________________________________

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

 

ՀՕԲԿ կապի տվյալներ
Վարանդ Մկրտիչեան
է. varant@mlri.org.am
հ. +374 98 03 44 86

Ամուլսարի լուսանկարը՝ «Լրագիր.ամ» կայքից:

23 Օգոստոս, 2019
parallax