Տարիների ընթացքում ՀՕԲԿ-ն իրականացրել է հետազոտություններ պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձի վերաբերյալ՝ հրապարակելով զեկույցներ Հայաստանի պոչամբարների և թափոնների կառավարման, ջրօգտագործման, ոլորտի հարկաբյուջետային (ֆիսկալ) ռեժիմի, աշխատողների իրավունքների և անվտանգության, հանքարդյունաբերության սոցիալական ազդեցությունների և այլ խնդիրների մասին:
Ավելի ուշ, ՀՕԲԿ-ը նախաձեռնել է շահառուների խորհրդատվության համաժողովրդական գործընթաց՝ պարզելու հանքարդյունաբերության ոլորտում քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: ՀՕԲԿ-ի իրականացրած հետազոտություններն ու շահառուների խորհրդատվության գործընթացը նպաստել են ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության մշակմանը:
ժողովրդի սեփականություն. Հայաստանի Հանրապետության բնական պաշարները պատկանում են Հայաստանի ժողովրդին:
Էթիկական վերլուծություն. հանքարդյունաբերության լիցենզիայի դիմումները պետք է գնահատվեն էթիկական վերլուծության հիման վրա, ներառյալ՝ դրական և բացասական տնտեսական, բնապահպանական, սոցիալական, առողջապահական և աշխատողների իրավունքների վրա ազդեցությունը հանքային շահագործումից՝ ներկա և ապագա սերունդների վրա:
Օգտակար շահագործում. Հայաստանում օգտակար հանածոների շահագործումն այնպիսի օգուտներ պետք է տա, որ դրանք գերազանցեն հանքարդյունաբերության բացասական ազդեցություններին:
Եկամուտի արդար բաշխում. հանքարդյունաբերության ոլորտի եկամուտները պետք է արդարորեն բաշխվեն Հայաստանի ժողովրդի շրջանակում, ներառյալ` հանքարդյունաբերության հետևանքով տուժած և ֆինանսապես անկայուն համայնքները:
Դեպի զրոյական ազդեցություն. հանքարդյունաբերության փորձը պետք է ուղղված լինի ժամանակակից քիմիական հանքարդյունահանման սոցիալական և շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելուն:
Միջազգային լավագույն փորձի չափանիշներ. պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձը պետք է ուղեցույց լինի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի պատշաճ կառավարման համար:
Կայուն արդյունաբերություններ. Հայաստանում հանքարդյունաբերությունը չպետք է խոչընդոտի մրցակից ոլորտների կայուն ու բնական զարգացումը, ներառյալ՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և էներգիայի արտադրությունը:
Օրենսդրության հստակեցում. հանուն գործարարությամբ զբաղվելու հեշտացման և գործարարական վստահության ձեռք բերման՝ ՀՕԲԿ-ն աջակցում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության հստակեցմանը և հետևողականության ապահովմանը: Օրենսդրության դրույթները պետք է համահունչ լինեն փոխկապակցված օրենսդրական համապատասխան դրույթների հետ, որպեսզի օրենքները լինեն հստակ ու կիրառական: Օրենսդրական հստակեցումը նաև նվազագույնի կհասցնի մարդկային ներուժի անարդյունավետությունն ու կոռուպցիայի ռիսկը:
Ծախս-օգուտ պատշաճ վերլուծություն. ծախս-օգուտ էթիկական, պատշաճ վերլուծությունը պետք է պարտադիր լինի նախքան հանքարդյունաբերական գործողությունների հաստատումը: Հանքարդյունաբերական գործունեությունը կսկսվի միայն այն ժամանակ, երբ հանքարդյունաբերության նախագծի առավելությունները գերազանցում են դրա բացասական ազդեցություններին՝ ներկա և ապագա սերունդների վրա:
Հանքարդյունահանման լիցենզավորում. հանքարդյունահանման լիցենզավորման հայտը և hանքի շահագործման պայմանները պետք է լինեն հստակ և կայուն: Օրենքները պետք է հանքարդյունահանման լիցենզավորված կողմին հնարավորություն ընձեռեն գործել վստահությամբ, միաժամանակ լիազորելով Հայաստանի կառավարությանը հանքարդյունաբերության լիցենզիաները չեղյալ հայտարարելու կամ հանքարդյունահանման գործողությունները դադարեցնելու՝ այն դեպքերում, երբ բնապահպանական և սոցիալական վնասներ կպատճառվեն:
Ազդեցության գնահատումներ. աջակցել ուղեցույցներ մշակելու՝ Հայաստանում մանրակրկիտ և ճշգրիտ Կուտակային ազդեցության գնահատման (ԿԱԳ), Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Առողջության վրա ազդեցության գնահատման (ԱԱԳ), որոնք պետք է հասանելի լինեն Հայաստանի հեռանկարային հանքարդյունաբերական ընկերություններին, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ճշգրիտ գնահատել իրենց արդյունահանման գործունեության ազդեցությունը:
Անկախ տեսչություն. հանքարդյունաբերության գործունեության մշտադիտարկումը խիստ կարևոր է ոլորտի պատշաճ կառավարման համար: Ստուգումները պետք է իրականացվեն անկախ տեսչության կողմից: ՀՕԲԿ-ը կողմ է լիազորությունների տարանջատմանը, որպեսզի տեսչական մարմինն անջատ լինի կառավարական մարմնից, որը պատասխանատու է հանքարդյունաբերական աշխատանքները հաստատելու:
Չափանիշների ընդունում. ՀՕԲԿ-ն աջակցում է Հայաստանում հանքարդյունաբերության միջազգային չափանիշների ընդունմանն ու կիրառմանը՝ հանուն պատասխանատու հանքարդյունաբերության: Համապատասխան միջազգային լավագույն փորձի չափանիշները ներառում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ), Հանքարդյունաբերության և մետաղարդյունաբերության միջազգային խորհուրդը (ՀՄՄԽ), Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ՍՄԿ), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ՄԷՀ), Միացյալ ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակները (ՄԱԿ ԿԶՆ) և այլ չափանիշներ:
Ամբարտակների կառուցման լավագույն փորձ. ամբարտակների բարձրորակ շինարարությունը շատ կարևոր է Հայաստանում բնապահպանական և սոցիալական պաշտպանության ապահովման համար, քանզի առկա է ամբարտակների պատերի փլուզման հավանականություն, որը կարող է առաջանալ երկրաշարժի ենթակա երկրում սեյսմիկ շարժումներից:
Թափոնների կառավարում. ՀՕԲԿ-ը կողմ է թափոնների և մնացորդների վերամշակման անվտանգ պահպանմանն ու հեռացմանը: Թափոնների կառավարման ոչ պատշաճ գործունեությունները պետք է կանխվեն խիստ կառավարման, ծանր տուգանքների և փոխհատուցումների միջոցով:
Ջուր. ջուրը սոցիալական, մշակութային, բնապահպանական և տնտեսական բարձր արժեք ունեցող համահանրային պաշար է: Մաքուր ջրի հասանելիությունը մարդու իրավունք է և հիմք՝ համայնքների բարեկեցության և գոյատևման համար: Այն նաև էական նշանակություն ունի էկոհամակարգերի առողջ կենսունակության և նրանց մատուցած օգուտների առումով: Հետևաբար, հանքարդյունաբերության ոլորտում ջրի և ջրօգտագործման կառավարումը պետք է լինի կայուն և արդյունավետ:
Պոչանքներ. պոչանքների արտադրությունը բնորոշ է հանքարդյունաբերությանն ու հանքանյութերի վերամշակմանը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում: Պոչամբարների պարունակությունները պահանջում են ինժեներական լուծումներ՝ դրանց երկարաժամկետ անվտանգ պահպանումն ու կայուն կառավարումն ապահովելու համար: Պոչամբարների կառավարման պատասխանատվությունը հանքարդյունաբերական ընկերությանն է: Հանքարդյունաբերական ընկերությունը կարող է ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ միջոցներ են հատկացվել պոչամբարների անվտանգ պահպանման համար:
Հանքի փակում. հանքարդյունաբերության բոլոր գործողությունների համար անհրաժեշտ են համապատասխան մարդկային և ֆինանսական պաշարների նախագծում, ծրագրում և տեղաբաշխում: Համապարփակ, էկոլոգիապես մաքուր և ամբողջական ծախսը հոգացված փակման ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև հանքարդյունաբերական աշխատանքների սկսվելը և իրականացվեն որպես հանքարդյունաբերության ծրագրի վերջնական կարևորագույն փուլ:
Հողատարածքի վերականգնում. ՀՕԲԿ-ը կողմ է հանքարդյունաբերական գործողություններից տուժած հողատարածքների վերականգնմանը՝ հետհանքահանման հողօգտագործման միջոցով, մասնավորապես գյուղատնտեսության, անտառաբուծության, էներգիայի արտադրության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
Ժառանգված հանքավայրերի կառավարում. հանքարդյունաբերության ոլորտից ստացված պետական եկամուտների մի մասը պետք է հատկացվի լքված և ժառանգված հանքավայրերի պատշաճ կառավարմանը, որպեսզի հնարավորինս ապահովվի նախկին հանքահանման տարածքների վերականգնումը և օգտագործումն այլ նպատակներով:
Հողի էթիկական կարգավիճակը. հողը հայերի համար կարող է լինել ավելին, քան պարզապես տնտեսական պաշար: Հանքարդյունաբերության թույլտվությունները տրամադրելիս պետք է հաշվի առնել հողի մշակութային նշանակությունը: Նման դեպքերում, երբ հանքարդյունահանում տեղի կունենա, պետք է պաշտպանվի տեղական համայնքների մշակույթը, սովորույթներն ու ժառանգությունը:
Ազդակիր համայնքներ. ազդեցության ենթակա համայնքները պետք է ակտիվորեն ներգրավվեն որոշումների կայացման և հաստատման գործընթացում: ՀՕԲԿ-ը նաև կողմ է տուժած համայնքների, հանքարդյունաբերական ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների միջև շարունակական փոխգործակցության անհրաժեշտ համակարգերի մշակմանը:
Համայնքային ներդրում. կառավարությունը պետք է պահանջի, որ հանքարդյունաբերական ընկերությունները պատշաճ կերպով փոխհատուցեն ազդակիր համայնքներին: Բացի այդ, կառավարությունը պետք է հատկացնի հանքարդյունաբերական գործունեությունից ստացված պետական եկամուտները՝ տուժած համայնքների տարածքներում ենթակառուցվածքներ կառուցելու:
Հանրային առողջություն. կառավարությունը պետք է սահմանի տեղական համայնքներում հանքարդյունաբերության նախկին և ընթացիկ գործունեություններից բխող առողջության հետ կապված խնդիրները և մշակի դրանց հատուցման ծրագրեր: Հատկապես Հայաստանը պետք է մշակի մեխանիզմներ` ազդակիր համայնքներում ծանր մետաղների բացասական ազդեցությունը գնահատելու, չափելու և նվազեցնելու համար:
Աշխատողների անվտանգություն. ՀՕԲԿ-ը կողմ է աշխատավայրում առողջության և անվտանգության արդյունավետության շարունակական բարելավմանը: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ի գործ դնել բոլոր գործնական և ողջամիտ միջոցները՝ աշխատողների շրջանակներում աշխատանքային վթարները բացառելու համար: Նաև աշխատողներին պետք է տրամադրվեն համապատասխան և կանոնավոր անվտանգության վերապատրաստումներ:
Աշխատողների իրավունքներ. ՀՕԲԿ-ը սատարում է այն չափանիշները, որոնք նպաստում են աշխատանքային անվտանգությանը և ընձեռում են աշխատատեղերի աճի հնարավորություններ հանքարդյունաբերության ոլորտում: Հանքագործներին վերապատրաստում պետք է իրականացվի նաև հանքարդյունաբերական գործողությունների ավարտից հետո, որպեսզի աշխատողները հնարավորություն ունենան նոր և այլընտրանքային արդյունաբերություններում աշխատանք գտնելու:
Հասարակական շահ. հանքարդյունաբերությունը պետք է բարելավի տուժած համայնքների զբաղվածության, գործարարության, կրթության և վերապատրաստման հնարավորությունները և աջակցի հանքարդյունաբերությունից տուժած շրջանների բարգավաճմանն ու զարգացմանը:
Տնտեսական օգուտները հասցնել առավելագույնի. ՀՕԲԿ-ն աջակցում է կառավարության նախաձեռնություններին, որոնք կջանան առավելագույնի հասցնել Հայաստանի հանքարդյունաբերության տնտեսական օգուտները, այդ թվում՝ խթանել հայաստանյան ընկերությունների հնարավորությունները, աշխատողների համաշխարհային պաշարային ընկերություններ մտնելը, օգտակար հանածոների, պաշարների և էներգետիկ արտադրանքների մշակումը, պետական և մասնավոր ներդրումների անհրաժեշտ ենթակառուցվածքները, և հանքանյութերին առնչվող ծառայությունների և տեխնոլոգիայի առևտրայնացման և արտահանման հեշտացումը:
Հարկերից խուսափելը հասցնել նվազագույնի. կառավարությունը պետք է երաշխավորի, որ Հայաստանի պաշարային արդյունաբերությունները կվճարեն իրենց հարկերի և ռոյալթիների արդար բաժինը: Դա հնարավոր է իրականացնել մի շարք ռազմավարությունների միջոցով, ներառյալ՝ ռոյալթիի շահութահարկի բաղադրիչը վերացնելը, ակտիվների առանձնացման աշխատանքները՝ հարկման նպատակով, շահավետ սեփականության օրենսդրության իրականացումը, փոխանցումների գնագոյացման մասին օրենքների իրականացումը, հետաձգված հարկային պարտքերի համար ծանր տուգանքներ սահմանելը:
Շրջակա միջավայրին հասցված վնասի ծախսը. հանքարդյունաբերության ոլորտի գործունեության տնտեսական գնահատումը պետք է ներառի հանքարդյունաբերության ողջ գործունեության ընթացքում շրջակա միջավայրի կառավարման ճշգրիտ ծախսերը, ներառյալ՝ հանքը փակվելուց հետո հողատարածքների վերականգնման ծախսերը:
Զբոսաշրջության և գյուղատնտեսության վրա ազդեցության ծախսը. հանքարդյունաբերության տնտեսական ազդեցությունը, հատկապես մրցակից ոլորտների վրա, ինչպիսին են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, պետք է գնահատվեն պատշաճորեն:
Ֆինանսական թափանցիկություն. եկամուտների վճարումների թափանցիկությունը կառավարություններին՝ արդյունաբերության արդյունավետ բարեփոխումների անհրաժեշտ բաղադրիչն է: Այժմ Հայաստանում ԱՃԹՆ-ի վրա կենտրոնացումը կարևոր քայլ է թափանցիկության բարելավման ուղղությամբ:
Եկամուտների կառավարում. ՀՕԲԿ-ը սատարում է ռազմավարությունների և ընթացակարգերի կիրառմանը՝ երաշխավորելու համար, որ եկամուտները արդյունավետորեն կկառավարվեն՝ ապահովելու երկարաժամկետ տնտեսական աճ և աղքատության մեղմացում: