Հետադարձ հայացք. ՀՕԲԿ-ի 2023 թվի ձեռքբերումները

image

Ա. ՇՄԱԳ օրենքի բարեփոխումը

ՀՕԲԿ-ի առաջնային ներդրումը կենտրոնացած էր Հայաստանում մետաղային հանքարդյունահանումը ավելի պատասխանատու դարձնելու վրա, մասնավորապես՝ պարզաբանելով հանքարդյունաբերական ընկերությունների իրավական պարտավորությունները և դրանք պարտադիր կատարման ենթակա դարձնելով: Նախկինում հանքարդյունաբերության Նախագծային փաստաթուղթը պետական բնապահպանական վերանայման առարկա չէր, Շրջակա միջավայրի նախարարությունը չէր կարող գնահատել, թե Նախագծով ներկայացված կոնկրետ գործողությունների ազդեցությունը որքանո՛վ են պատշաճ կերպով արտացոլված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության մեջ:

ՇՄԱԳ նոր օրենքը հստակ սահմանում է, որ բնապահպանական պետական փորձաքննությունը պետք է իրականացվի ինչպես ՇՄԱԳ հաշվետվության, այնպես էլ հանքարդյունաբերության Նախագծային փաստաթղթի հիման վրա: Սա հիմնարար ձեռքբերում է, որը պահանջում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները ի սկզբանե ունենան այս երկու փաստաթղթերը։

ՀՕԲԿ-ի ջանքերով հանքարդյունաբերական ընկերություններն այժմ պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները սկզբնական փուլում, հակառակ դեպքում կենթարկվեն իրավական պատասխանատվության: Հետագայում, եթե նրանք որոշեն փոփոխություններ կատարել Նախագծային փաստաթղթում, նրանք կրկին պետք է անցնեն ՇՄԱԳ փորձաքննություն՝ ներկայացնելով բոլոր փոփոխությունները և կազմակերպեն հանրային լսումներ ազդակիր համայնքներում:

Հարկ է նշել, որ ՀՕԲԿ-ի բարեփոխումների առաջարկի մի քանի տարրեր չեն ներառվել օրենքում։ Օրինակ՝ կառավարությունը այս փոփոխությունները հետադարձ ուժի մեջ չդրեց։ Այնուամենայնիվ, այս փոփոխությունները կբարելավեին պարտադիր կատարման ակտերի որակն ու լրացուցիչ գործիքներ կտան տեսչական մարմիններին՝ պաշտպանելու առողջ շրջակա միջավայրի իրավունքը։

Եզրափակելով, ՇՄԱԳ օրենքի պահանջների համաձայն՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների մանրամասն ընթացակարգեր մշակելու համար կընդունվեն Կառավարության որոշումներ։ Մասնավորապես, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների պետական փորձաքննության և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական պետական փորձաքննության գործընթացի հանրային լսումների կազմակերպման կարգը, որը հետագայում կմշակի Շրջակա միջավայրի նախարարությունը։ Հետամուտ լինելով ՇՄԱԳ գործընթացի պատշաճ իրականացմանն առնչվող իր նպատակին, ՀՕԲԿ-ը 2023 թվին մեկնարկեց նոր նախագիծ՝ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձագիտական աջակցություն տրամադրելով նշված Կառավարության երկու որոշումների մշակման համար:

Բ. Կառավարության երկու որոշումների մշակում

ՀՕԲԿ-ի 2023 թվի գործունեությունը կենտրոնացած էր նույն տարվա մայիսին ընդունված ՇՄԱԳ օրենքում իրավական փոփոխություններից բխող երկու իրավական ակտերի մշակման վրա: Մասնավորապես, մշակվել են «Հանրային լսումներ իրականացնելու մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություններ իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումները և ներկայացվել են բնապահպանության նախարարություն՝ հետագա մշակման համար: Երկու որոշումներն էլ ռազմավարական նշանակություն ունեն հանրային շահերի առումով (ազդակիր համայնքների՝ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը) և հանքարդյունաբերության թույլտվության տրամադրման (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների պետական փորձաքննության իրականացման գործընթացը):

Այս նախագծի արդյունքում մշակվել են երկու ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարգավորում են «ՇՄԱԳ մասին» օրենքից բխող վերոնշյալ խնդիրները.

1. «Փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում:

Այս մեկը շրջանառվել է պետական տարբեր մարմինների վերանայման բոլոր փուլերում և ներկայումս տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկումների և կարծիքներ հավաքելու համար։ https://www.e-draft.am/en/projects/6336/about   

Կան բազմաթիվ դրական հիմնարար փոփոխություններ, որոնք առաջ է քաշել ՀՕԲԿ-ը.

ա) Հանքարդյունաբերության Նախագծային փաստաթուղթը պետք է ներկայացվի փորձաքննության համար՝ ՇՄԱԳ հաշվետվության հետ միասին: Սա արգելում է, որ ընկերությունները փոխեն հանքարդյունաբերության նախագիծը՝ անտեսելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման և դրա վերաբերյալ հանրային լսումների իրականացման պարտավորությունը:

բ) Ընկերությունների ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է պատրաստվի միայն թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից՝ համաձայն չափանիշների, որոնք հետագայում կսահմանի ՀՀ կառավարությունը։

գ) Նշված ակտը համապատասխան պետական մարմիններին պարտավորեցնում է ի հայտ եկած բնապահպանական խնդիրների վերաբերյալ տրամադրել կամ «մասնագիտական և փորձագիտական եզրակացություն», կամ «հիմնավորված կարծիք»։

դ) Պետական բնապահպանական փորձաքննություն իրականացնելիս ապավինել գիտականորեն հիմնավորված գնահատականներին: Այն մեծացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետների և մասնագետների գործողությունների կանխատեսելիությունը, և կտրուկորեն նվազեցնում է Շրջակա միջավայրի նախարարության կողմից փորձաքննությունը կատարելիս կամայական որոշումների ընդունման հնարավորությունը, քանի որ դրանք պետք է հիմնավորեն ներկայացված տվյալների և իրենց արած եզրակացությունների գիտական վավերականությունը:

ե) ՇՄԱԳ հաշվետվությունը և Նախագծային փաստաթուղթը դիտարկելիս պարտադրի է առաջնորդվել միայն պաշտոնական տվյալների հիման վրա: ՇՄԱԳ հաշվետվություններում և Նախագծում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար այսուհետև պահանջվում է, որ շրջակա միջավայրի նախարարության փորձագետները հիմնվեն միայն պետական կադաստրների, ռեգիստրների, պետության կողմից մշակված տվյալների, վարչական համակարգի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների վրա: Ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փորձաքննությունն իրականացնելիս տրամադրված տվյալները։

զ) Ելնելով փորձաքննության կոնկրետ ոլորտի անհրաժեշտությունից՝ Շրջակա միջավայրի նախարարությունը կարող է փորձաքննության գործընթացում ներգրավել համապատասխան փորձագետ կամ մասնագետ՝ համաձայն ՇՄԱԳ օրենքի նոր կարգավորումների:

Համաձայն վերոնշյալ նպատակահարմար օրենսդրական փոփոխությունների՝ որոշ անցանկալի դրույթներ դեռևս պահպանվում են օրենքում: Այս իսկ պատճառով, ՀՕԲԿ-ի տնօրենը ներկայացրել է իր «հատուկ կարծիքը» պետական բնապահպանական փորձաքննության համակարգին, որը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը և շրջանառվել այլ նախարարություններում։ Սա կարևոր է ընդգծելու ՀՕԲԿ-ի դիրքորոշումն ու ձգտումը՝ ունենալու ավելի լավ իրավական կարգավորումներ և վարչական որոշումների կայացման համակարգեր: 

2. «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» կառավարության որոշում։

Սույն իրավական ակտը կառավարության կողմից ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին:

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=188064    

Այս փաստաթուղթն արդեն ընդունվել է կառավարության կողմից և դարձել ՇՄԱԳ-ի կարևոր ասպեկտները կարգավորող իրավական համակարգի մաս:

Նոր որոշումն արտացոլում է ՇՄԱԳ օրենքում կատարված փոփոխությունները.

ա) Համայնքի ավագանին առաջին հանրային լսումից հետո պետքէ տա, այսպես կոչված, «նախնական համաձայնություն»՝ իրենց վարչական տարածքում նախատեսված ծրագրի իրականացման համար: Եթե որոշումը բացասական է, ապա նախագծի առաջխաղացումը դադարեցվում է:

բ) Այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել հանրային լսումների վայրում, կարող են իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել։ Եթե մեկնաբանության կամ առաջարկի հեղինակը ներկա չէ հանրային լսումին, ապա պատասխանը ներկայացվում է հետադարձ կապի եղանակով։

գ) Հանրային լսումների ընթացքում ներկայացված կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները պետք է հաշվի առնվեն։ Հաշվի չառնելու դեպքում պետք է հիմնավոր պատճառներ բերվեն։

դ) Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ապահովի հանրային լսումների արձանագրության, լուսանկարների կամ տեսանկարահանումների, ինչպես նաև շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների տեղադրումն իր պաշտոնական կայքում։

Այնուամենայնիվ, այս կանոնակարգում կան նաև թույլ կետեր, որոնք վտանգում են համայնքի տեղեկացված համաձայնություն տալու հնարավորությունը: Քանի որ համայնքները կարող են վետո դնել ծրագրի իրականացման վրա, ընկերությունները պարտավոր չեն մեծ գումարներ ծախսելու՝ չունենալով երաշխիքներ, որ համայնքը չի ընդդիմանա իրականացվելիք նախագծին։ Այս դիրքը խոցելի է, քանի որ համայնքները հնարավորություն չեն ունենա լիարժեք տեղեկացված լինելու ծրագրի ազդեցությունների մասին, ինչը կսահմանափակի տեղեկացված և հիմնավորված դիրքորոշում արտահայտելու նրանց կարողությունը:

Ամփոփելով նշենք, որ կառավարության երկու որոշումների նախագծերը խմբագրվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ՀՕԲԿ-ի կողմից ներկայացնելուց հետո: Այլ խոսքով՝ ՇՄԱԳ օրենքի փոփոխությունները և դրա հետևանքով կառավարության որոշումները բավականին ազդեցիկ են, քանի որ դրանք անդրադառնում էին մի քանի հիմնական խնդիրների, որոնք երկար ժամանակ բարձրացվում էին քաղաքացիական հասարակության և բնապահպանների կողմից: Թեև ՇՄԱԳ օրենքում և դրա հետ կապված որոշումներում որոշ բացեր թողումներ կան, փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են հանքարդյունաբերության չհիմնավորված թույլտվությունների ոլորտը և ստեղծում են գործիքներ՝ ընկերություններին պատասխանատվության ենթարկելու՝ հանքի շահագործման ընթացքում Նախագծով սահմանված բոլոր պահանջների իրականացման համար: Բարեփոխումներն ընդլայնում են մարդկանց հնարավորությունները հեռակա կարգով մասնակցելու հանրային լսումներին և հետևելու հանքարդյունաբերական նախագծերի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշմանը:

25 Մարտ, 2024

ՀՕԲԿ-ի նպատակն է Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունը դարձնել պատասխանատու՝ հստակեցնելով արդյունահանման ընկերությունների իրավական պարտավորություններն ու դրանք իրավականորեն պարտադիր կատարման ենթակա դարձնելով: ՀՕԲԿ-ը հիմնադրվել է 2014-ին՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի բաժին, իսկ 2019-ին այն դարձել է անկախ հասարակական կազմակերպություն։ ՀՕԲԿ-ի աշխատանքները հնարավոր են դարձել Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ:

parallax