Ընդունվել է հանքարդյունաբերության ոլորտում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ուժեղացնող նոր օրենսդրություն

Մամլո հաղորդագրություն
Էլ. փոստ՝ info@mlri.org.am

 

Երևան – Օրերս, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է բնապահպանական կանոնակարգերը խստացնող օրենսդրությունը: Շրջակա միջավայրի այս նոր օրենքը, որը տարածվում է հանքարդյունաբերության, շինարարության և այլ ոլորտների պետական լիցենզիա ստանալու գործընթացների վրա, ներառում է դրույթներ, որոնք Հանքարդյունաբերության օրենսդրական բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) տարիներ շարունակ առաջ է քաշել:

«Մենք ոգևորված ենք, որ մեր հայեցակարգային բարեփոխումների գաղափարները ներառվել են օրենսդրության վերջնական փաթեթում», - ասաց ՀՕԲԿ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը:

ՀՕԲԿ-ի առաջնային ներդրումը կենտրոնացած է Հայաստանում մետաղական արդյունահանումը ավելի պատասխանատու դարձնելու վրա, մասնավորապես՝ հստակացնելով հանքարդյունաբերական ընկերությունների իրավական պարտավորություններն ու դրանք իրավականորեն պարտադիր կատարման ենթակա դարձնելով: Նախկինում հանքարդյունաբերության թույլտվություն ստանալու համար արդյունահանողներից պահանջվում էր պատրաստել փաստաթղթերի փաթեթ, որը նկարագրում էր հանքարդյունաբերության գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած հանքի բացումից, օգտակար հանածոների շահագործումից և դրա փակումից հետո նախատեսվող ձեռնարկվելիք քայլերից: Սա ներառում էր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը հստակեցնում էր, թե հանքը ի՛նչ ազդեցություն է ունենալու հողի, օդի և ջրային պաշարների վրա և ինչպե՛ս են դրանք վերականգնվելու:

Այնուամենայնիվ, քանի որ այդ փաստաթղթերը նախկինում իրավականորեն պարտադիր կատարման ենթակա չէին, ընկերությունները հաճախ ներառում էին խիստ դրույթներ՝ քաջ գիտակցելով, որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվի, եթե չկատարեն այդ պարտավորությունները: Ավելին, ընկերությունները կարող էին փոխել իրենց գործունեության հիմնական ասպեկտները՝ առանց ցույց տալու, թե ինչպե՛ս են այդ փոփոխությունները տարբերվելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատումներից:

ՀՕԲԿ-ի ջանքերով՝ հանքարդյունաբերական ընկերությունները այժմ պարտավորվելու են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում կկանգնեն իրավական պատասխանատվության առաջ: Հանքարդյունաբերական ընկերություններից այժմ պահանջվում է ներկայացնել պաշտոնական Նախագիծ, որը կփաստաթղթավորի այն բոլոր քայլերը, որոնք նրանք մտադիր են ձեռնարկել հանքի շահագործման ընթացքում: Սույն Նախագիծն ու դրա բոլոր օժանդակ փաստաթղթերը, ինչպիսին է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, այժմ իրավականորեն պարտադիր կատարման ենթակա են՝ շնորհիվ ՀՕԲԿ-ի առաջարկած օրենսդրական բարեփոխություններին: Բացի այդ, եթե հանքարդյունաբերական ընկերությունը ցանկանում է փոփոխել իր գործունեությունը, ապա այժմ պարտավոր է պաշտոնապես փոփոխի Նախագիծը և թարմացնի բոլոր հարակից փաստաթղթերը՝ դրանք համապատասխանեցնելու նոր ծրագրին: Նախքան գործունեության մեջ փոփոխություններ կատարելը, ամբողջ փաթեթը կվերանայվի, և եթե հաստատվի, դրա նոր դրույթները, ապա դրանք կդառնան պարտադիր կատարման ենթակա: Սա նույնպես ՀՕԲԿ-ի առաջարկի հիմնական տարրերից էր, որն ընդունվել է նոր օրենքում:

«Սրանք հիմնարար փոփոխություններ են Հայաստանում Շրջակա միջավայրի օրենսդրության մեջ, և հուսով ենք, որ կառավարության կարգավորող մարմինն ուշադիր հետևելու է, որպեսզի հանքարդյունաբերական ընկերությունները կատարեն իրենց պարտավորությունները», - շարունակեց Հակոբյանը: «Մենք խրախուսում ենք կառավարությանը` վերապատրաստել տեսչական մարմինների անձնակազմին՝ ապահովելու այս նոր արդիականացված իրավական փաստաթղթերի դրույթների կատարումը»:

Չնայած այս կարևոր առաջընթացին, ընդունված օրենսդրական փաթեթի այլ դրույթներ արժանացան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների քննադատությանը: Բացի այդ, ՀՕԲԿ-ի բարեփոխումների առաջարկի մի քանի տարրեր կառավարության կողմից չեն ներառվել օրենսդրության մեջ: Օրինակ, կառավարությունը այս փոփոխությունները հետադարձ ուժի մեջ չդրեց. թույլտվություն ունեցող մետաղական հանքերից չեն պահանջվելու կատարել այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեն նոր հանքավայրերը:

«Այս փոփոխությունները բարելավելու պարտադիր կատարման ակտերի որակը և լրացուցիչ գործիքներ են տալու տեսչական մարմիններին՝ պաշտպանելու մեր առողջ շրջակա միջավայրի իրավունքը»,- ասաց Հակոբյանը։

ՀՕԲԿ-ը տարիներ առաջ մեկնարկած էր բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացը՝ ուսումնասիրություններ կատարելով, թե ինչպե՛ս են կիրառվել Հայաստանի բնապահպանական կանոնները հանքարդյունաբերության ոլորտում, համեմատելով այլ երկրների կարգավորող պահանջների չափորոշիչների հետ, խորհրդակցելով հանքարդյունաբերության շահառուների հետ, համայնքի շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև մասնակցել բնապահպանական և հանքարդյունաբերության հարցերին նվիրված տարբեր կոնֆերանսների և սիմպոզիումների: Այնուհետև, ՀՕԲԿ-ը իր արդյունքները կիսել էր կառավարության հետ՝ խրախուսելով առավել խիստ կանոնների ընդունումը հանքարդյունաբերական ընկերությունների կողմից, որպեսզի նրնաք կատարեն իրենց ստանձնած բնապահպանական պարտավորությունները:

«Բնապահպանական քաղաքականության մշակումից բացի, ՀՕԲԿ-ը իրականացրել է հանքարդյունաբերության լավագույն փորձի ուսումնասիրություն, և հրապարակել է փաստաթղթեր՝ Հայաստանի պոչամբարների ու թափոնների կառավարման գործընթացների, ջրի որակի և օգտագործման, հանքերի փակման ու վերականգնման գործընթացների վերաբերյալ», - ասաց Հակոբյանը։ «Այժմ, երբ ընդունվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության այս օրենսդրությունը, մենք կշարունակենք համագործակցել շահագրգիռ կողմերի և կառավարության հետ՝ առաջ մղելու պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունը հարակից ոլորտներում», - եզրափակեց նա:

ՀՕԲԿ-ը հիմնադրվել է 2014 թվականին՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի բաժին, իսկ 2019 թվականին այն դարձել է անկախ հասարակական կազմակերպություն։ 2014 թվականին, իր հիմնադրումից ի վեր, ՀՕԲԿ-ի աշխատանքը մեծավ մասամբ հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի դրամաշնորհների միջոցով, բարեգործական հիմնադրամ, որը հիմնադրվել է 1999 թվականին՝ սոցիալական ձեռներեց և բարերար Ջեյմս Թուֆենկյանի կողմից, ով անդրադառնում է Հայաստանի և Արցախի առջև ծառացած առավել հրատապ սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին:

 
12 Հունիս, 2023

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax