Հայաստանի կառավարությունը վերջերս ընդունեց նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնցով փոփոխություններ են կատարվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և փորձաքննության գործընթացում, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտը: Նոր կանոնակարգումը պարտավորեցնում է հանքարդյունաբերական նախագիծ և ՇՄԱԳ հաշվետվություն մշակելիս և փորձաքննություն իրականացնելիս հիմնվել միայն գիտականորեն հիմնավորված տվյալների վրա։ Այս նոր պահանջները սահմանափակում yn ընդերքօգտագործողների հայեցողականությունը երկրաբանական տվյալների, ստորերկրյա և մակերևութային ջրերի և այլ կենսական էկոհամակարգերի վրա ազդեցության վերաբերյալ տվյալներ ներկայացնելիս, ինչը մինչ այժմ բացակայում էր։
Նոր կանոնակարգումները նաև ընկերություններին հաշվետու կպահեն այն պարտավորությունների համար, որոնք նրանք ստանձնում են ընդերքօգտագործման նախագծին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան՝ որպես ընդերքօգտագործման իրավունքի մաս։
«Նախկինում հանքարդյունաբերական ընկերությունները կարող էին մշակել չափազանց լավատեսական ՇՄԱԳ հաշվետվություններ, որոնք չէին համընկնում իրականության հետ ու դրանով հանդերձ թույլտվություն էին ստանում՝ առաջ տանելով իրենց ծրագրերը», - ասաց Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի (ՀՕԲԿ) տնօրեն Արթուր Գրիգորյանը: «Նոր կարգավորմամբ կառավարությունից կպահանջվի կիրառել ՇՄԱԳ փորձաքննության ավելի մասնագիտացված գործընթաց, որը հիմնված է օբյեկտիվ տվյալների և փորձագետների վերլուծության վրա», - եզրափակեց նա:
Այսուհետև հանքարդյունաբերական ընկերություններից կպահանջվի ներգրավել լիցենզավորված ընկերություններ ՇՄԱԳ-ի հայտերը պատրաստելու համար, իսկ կառավարությանը անհրաժեշտ կլինեն որակավորված փորձագետներ՝ ՇՄԱԳ հաշվետվությունները գնահատելու և փորձաքննության ենթարկելու համար: Նման մոտեցումը ՇՄԱԳ փորձաքննության գործընթացը կդարձնի ավելի քիչ կամայական և ավելի կանխատեսելի՝ այդ թվում հանքարդյունաբերական ընկերությունների համար՝ իրենց նախագծերը մշակելիս:
ՀՕԲԿ-ի մասնագետները մի քանի ամիս շարունակ սերտորեն համագործակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ՝ օգնելով նրանց մշակել նոր հաստատված ենթաօրենսդրական ակտերը: Սա կարգավորումների մի քանի փաթեթներից մեկն է, որոնց վրա ՀՕԲԿ-ը նախարարության հետ համատեղ աշխատում է՝ 2023 թվականից ՀՕԲԿ-ի ջանքերով իրականացված ՇՄԱԳ օրենսդրության փոփոխությունները կյանքի կոչելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=192441:
ՀՕԲԿ-ի նպատակն է Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունը դարձնել պատասխանատու՝ հստակեցնելով արդյունահանման ընկերությունների իրավական պարտավորություններն ու դրանք իրավականորեն պարտադիր կատարման ենթակա դարձնելով: ՀՕԲԿ-ը հիմնադրվել է 2014-ին՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի բաժին, իսկ 2019-ին այն դարձել է անկախ հասարակական կազմակերպություն։ ՀՕԲԿ-ի աշխատանքները հնարավոր են դարձել Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ: