«Սքայ նյուզ բիզնես»-ի հայտնի անձնավորություն «Ջոն Դի»-ն ելույթ կունենա Սիդնեյի ՀՕԲԿ միջոցառման շրջանակներում

image

«Սքայ նյուզ բիզնես»-ի հայտնի անձնավորություն Ջոն Դին, սույն թվականի դեկտեմբերի 5-ին, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայանալիք Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի (ՀՕԲԿ) միջոցառման շրջանակներում ելույթ է ունենալու: Ընթացքում ներկայացվելու են ՀՕԲԿ-ի գործունեությունը և կայուն զարգացման պրակտիկայի իրականացման ներուժը Հայաստանում:

Բիզնեսի կայունության ջատագով Ջոն Դին մի շարք բարեգործական կազմակերպությունների հիմնադիրն է։ Նա ներկայումս հյուրընկալում է «Սմարթ մանի» ծրագիրը «Սքայ նյուզ բիզնես Ավստրալիա»-ում:

Ջոնի կապը Հայաստանի հետ թվագրվում է 1988 թ.-ին, երբ նա հիմնեց «Ռոք էյդ Արմենիա» բարեգործական նախաձեռնությունը՝ Հայաստանում երկրաշարժի հետևանքով տուժած համայնքներին աջակցելու նպատակով: Վերջերս, 2019 թվականին, Ջոնը Հայաստան այցելեց՝ նշելու բարեգործական նախաձեռնության 30-ամյակը, ինչպես նաև խթանելու սոցիալական բարեփոխումներն ու կայունությունը:

Բացահայտելով Հայաստանում հանքարդյունաբերության վատ պրակտիկայի հետևանքով առաջացած բնապահպանական և սոցիալական լուրջ ազդեցությունները, Ջոնն իր աջակցությունը ցուցաբերեց ՀՕԲԿ-ի հանքարդյուահանման օրենքների բարեփոխումների նախաձեռնությանը:  

Միջոցառման մասնակիցները կիրազեկվին նաև Հայաստանում հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխության քաղաքականության և Ամուլսարի վիճահարույց հանքավայրի նախագծի մասին՝ ՀՕԲԿ գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանի կողմից:

Միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և ձեր տեղն ամրագրելու համար՝ դիմեք ՀՕԲԿ գրասենյակին՝ «info@mlri.org.am» հասցեով:

______________________________________________________________________

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

24 Հոկտեմբեր, 2019
parallax