Հանքարդյունաբերության շահառուների զեկույցն ընդգծում է ոլորտի բնապահպանական, սոցիալական և տնտեսական մտահոգությունները

image

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի (ՀՕԲԿ) իրականացրած խորհրդատվությունների շրջանակում շահառուների առաջադրած հիմնական մտահոգությունները բնապահպանական, սոցիալական, տնտեսական և աշխատողների իրավունքների խնդիրներին էին վերաբերում:

Նոր հրապարակված ՀՕԲԿ շահառուների զեկուցումն ընդգծում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, թափոնների անարդյունավետ կառավարման, հանքավայրերի փակման և շրջակա միջավայրի վնասների կառավարման թույլ օրենսդրությունը շարունակում են մնալ քաղաքացիական հասարակության հիմնական բնապահպանական խնդիրների առարկան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում:

Շահառուները նաև առաջնահերթություն համարեցին պոչամբարների կառուցման և կառավարման ոլորտի լուրջ բացթողումները, լքված և չվերականգնված  հանքավայրերի ժառանգություններն ու առհասարակ հանքարդյունաբերության առողջապահական բացասական ազդեցությունները բնակչության վրա:

«Խորհրդատվական գործընթացը չափազանց օգտակար է եղել քաղաքացիական հասարակության համար, որը հնարավորություն ընձեռեց շահառուներին ազատորեն կիսվելու իրենց սոցիալական և բնապահպանական մտահոգությունները մեզ հետ», - ասաց Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանը:

Չնայած առկա կոնսենսուսին, որ հանքարդյունաբերությունը դրական ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման վրա, այնուամենայնիվ շահառուներն անդրադարձան, որ հանքարդյունաբերության ոլորտն ազդեցություն ունի այլ ոլորտների զարգացման վրա: Ըստ մասնակիցներին, բավականաչափ ուսումնասիրված չէ տնտեսական ազդեցությունն զբոսաշրջության և գյուղատնտեսության վրա, հանքարդյունաբերությունը հաճախ մրցակցության մեջ է մտնում այլ ոլորտների հետ՝ տվյալ տարածքի հողի և մարդկային պաշարների հասանելիության համար:

Համապատասխան հարկային կառավարման անհրաժեշտությունը, ներառյալ հարկերից և ռոյալթիից խուսափման նվազեցման մեխանիզմների մշակումը, ֆորումների և կլոր սեղան քննարկումների ընթացքում հետևողականորեն արծարծվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:

Մասնակիցները նաև քննարկեցին աշխատողների իրավունքների խնդիրները, ներառյալ տեղացի աշխատողների համեմատաբար ցածր փոխհատուցումները, տեղացի աշխատակազմի առաջընթացի խթանման սակավ հնարավորությունները, անվտանգության վարժանքների, հանքավայրերի փակման դեպքերում աշխատողներին նոր աշխատանքով չապահովելու իրավական թերությունները:

«Այս զեկույցը և մեր այլ փաստաթղթերը, որոնք հիմնված են հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձի բազմաթիվ հետազոտական աշխատությունների վրա, ճանապարհ են հարթում դեպի մեր գործունեության հաջորդ փուլ, ընդ որում մենք վերաշարադրելու և վերամշակելու ենք հանքարդյունաբերության օրենսդրությունը, որը կնպաստի այս կարևոր տնտեսական ճյուղի կառավարման հզորացմանը», - հավելեց Մկրտիչեանը:

Ավելի քան 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, աշխատավորների ներկայացնող կազմակերպություններ և տարածաշրջանային ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև ակադեմիականներ մասնակցեցին բազմակողմ շահառուների ֆորումների և կլոր սեղան քննարկումներին՝ բաց, թափանցիկ և ընդգրկուն խորհրդատվությունների գործընթացում:

2018 թ. նոյեմբերից սկսյալ ՀՕԲԿ-ը նախաձեռնեց ազգային շահառուների խորհրդատվության գործընթացը՝ փաստաթղթավորելու Հայաստանում հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական ազդեցություններից ծանրագույնս տուժածների հիմնական մտահոգությունները: Շահառուների ութամսյա խորհրդատվությունների գործընթացն ավարտին հասավ 2019 թ. հուլիսին ՀՕԲԿ շահառուների զեկույցի հրապարակմամբ:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակներով: Այն կարող եք ներբեռնել ՀՕԲԿ կայքից:

______________________________________________________________________________

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

12 Հուլիս, 2019
parallax